Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատերերը այսուհետ հնարավորություն կունենան շփվելու և գործընկերներ գտնելու նաև եվրոպական շուկայում` շնորհիվ Հայաստանի՝ Ձեռնարկությունների եվրոպական ցանցին (Enterprise Europe Network) միանալու։
«Ձեռնարկությունների եվրոպական ցանցի» գործունեության նպատակն է աջակցել ցանցի անդամ երկրներում գործող փոքր և միջին ձեռնարկություններին` զարգացնելու իրենց նորարարական ներուժը և մասնակից դառնալու Եվրամիության շրջանակներում գործարարության խթանման ուղղությամբ իրականացվող գործընթացներին։ Այն մեկ պատուհանի սկզբունքով ձեռնարկատերերին առաջարկում է գործարար ծառայությունների լայն շրջանակ, ինչը լայն հնարավորություններ է ընձեռում ձեռնարկատիրական գործունեության զարգացման և միջազգայնացման համար։
«Ձեռնարկությունների եվրոպական ցանցի» բացման արարողության ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշեց, որ առավել բարդ ու զարգացած եվրոպական շուկայի հետ առնչվելը, եվրոպական մասնագետների պրոֆեսիոնալ խորհրդատվությունը զարգացման հնարավորություն կտա ոչ միայն փոքր և միջին, այլև խոշոր ձեռնարկատերերին։ «Ցանցի ծառայություններից կարող են օգտվել ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի գործարարները, այն հատկապես օգտակար կլինի բիզնես աշխարհի նորեկներին, քանզի գործընկերներ փնտրելու եւ գտնելու հնարավորություն նույնպես ընձեռում է»,- ասաց նախարարը։
Նշենք, որ «Ձեռնարկությունների եվրոպական ցանցի» բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել ընթացիկ տարվա փետրվարին՝ Բրյուսելում։ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուզենբերգերն իր խոսքում նշեց, որ ցանցին Հայաստանի անդամակցությունը Եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակներում կատարված հերթական կարեւորագույն քայլերից է, որը ավելի հասանելի կդարձնի եվրոպական շուկան հայ գործարարների համար։
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանի խոսքով՝ ցանցի ծառայություններն ամբողջությամբ անվճար են։ Դրանք ներառում են տեղեկատվության տրամադրում Եվրամիության քաղաքականության, օրենսդրության, ստանդարտների, ֆինանսավորման հնարավոր աղբյուրների, գործարար համագործակցության հնարավորությունների եւ ԵՄ այլ ընդհանուր հարցերի վերաբերյալ։
«Ցանցը կաջակցի ձեռնարկություններին նոր գործարար համագործացության ուղղության որոշման, շուկայի հետազոտությունների և պոտենցիալ գործընկերների հայտնաբերման, բանակցությունների վարման եւ համագործակցության համաձայնագրերի կնքման, միջազգային շուկայում գործունեության իրականացման համար իրենց պատրաստվածության և հնարա¬վորությունների գնահատման առումով։ Արդեն իսկ ստեղծվել են 14 աշխատանքային խմբեր, որոնք աշխատում են տնտեսության տարբեր ոլորտներում»,- ասաց Ի. Կարապետյանը։
Նա տեղեկացրեց, որ արդեն իսկ ցանցի ծառայություններից օգտվելու 5 առաջարկ է ստացվել, եւս 25 առաջարկ մշակման փուլում է։ Ներկայումս «Ձեռնարկությունների եվրոպական ցանցը» գործում է Եվրամիության անդամ 27 երկրներում, Եվրամիության անդամության թեկնածու երկրներ Թուրքիայում եւ Մակեդոնիայում, եվրոպական տնտեսական գոտու երկրներ Նորվեգիայում եւ Իսլանդիայում, ինչպես նաեւ ցանցին են անդամակցել նաև Իսրայելը, Շվեյցարիան և Հայաստանը, որպես միակ երկիր ԱՊՀ տարածքում։
Ցանցի անդամ ավելի քան 40 երկրներից իր մեջ է ներառում մասնագիտացված գործարար ծառայություններ մատուցող շուրջ 600 կազմակերպությունների` ներառյալ առեւտրաարդյունաբերական պալատները, տարածաշրջանային զարգացման գործակալությունները, համալսարանները, և տեխնոլոգիական կենտրոնները, իսկ ցանցի գործունեության ամբողջականությունն են ապահավում 4000 փորձառու մասնագետները։
Ի. Կարապետյանն ավելացրեց նաև, որ Հայաստանում «Ձեռնարկությունների եվրոպական ցանցի» հետագա գործունեությունը կուղղորդվի լայնածաված գովազդային արշավով, որը կներառի համապատասխան հեռուստահաղորդումների ու տեսահոլովակների հեռարձակումը հիմնական հեռուստաալիքների միջոցով և մամլո հաղորդագրությունների տարածումը այլ տպագիր եւ էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցներով` նպատակ ունենալով այս նախաձեռնության շրջանակներում ընձեռված հնարավորությունները հասանելի դարձնել հնարավորինս մեծ թվով փոքր եւ միջին ձեռնարկությունների համար։
Արմենպրես
2008-06-23
Հայաստանը միացավ Ձեռնարկությունների եվրոպական ցանցին
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario