Մինչև տարեվերջ Սլովակիայի կառավարությունը կհաստատի ցեղասպանության մերժման ու դատապարտման մասին գործող օրենքում կատարված նոր փոփոխությունները։ Դրանց համաձայն, 2009 թվականի հունվար—փետրվար ամիսներից արդեն քրեական պատասխանատվություն՝ 5 տարի ազատազրկում է նախատեսված, անկախ ազգությունից, այն անձանց համար, ովքեր Սլովակիայի տարածքում կժխտեն հայոց ցեղասպանությունը։ Իսկ հայոց ցեղասպանությունը ժխտող՝ Սլովակիայի քաղաքացիները, որոնք մերժողական դիրքորոշում են հանդես բերում երկրի սահմաններից դուրս, հնգամյա ազատազրկման կդատապարտվեն հայրենիք վերադառնալուն պես։ Նշենք, որ 2004 թվականին Սլովակիայի Ազգային խորհուրդը ճանաչել է հայոց ցեղասպանությունը։
Հայանպաստ այս նորության մասին հայ լրագրողներին հայտնեց Սլովակիայի արդարադատության նախարար, փոխվարչապետ Ստեֆան Հարապին, ով Հայաստանում է գտնվում Հայաստանի արդարադատության նախարարի հրավերով։ Նրա խոսքերով, իրավական վերջին ճշգրտումը մեկ քայլ է դեպի առաջ, նախկինում պատասխանատվության էին ենթարկվում միայն հրեական հոլոքոստը մերժողները։ «Այսպիսով, մենք օրենքի ուժը տարածում ենք մյուս բոլոր ժողովուրդների ցեղասպանությունների վրա»,–հստակեցրեց պաշտոնյան՝ ընդգծելով, որ օրենքի նախաբանում հայոց ցեղասպանությունն առանձնացված է որպես ամենաառաջին ու ամենակարեւոր։ Հատկանշական է, որ մինչև այժմ անցած բոլոր քննարկումների ժամանակ օրենքի նախագիծը որևէ քննադատության չի ենթարկվել։ Ըստ նրա՝ ցանկացած ժողովրդավարական երկիր պետք է նույնքան խիստ լինի այս խնդրում։ Միայն խորհրդարանի ճանաչումով բավարարվելը, ըստ նրա, կնշանակեր անցել ճանապարհի միայն կեսը։ Ս. Հարապին հույս հայտնեց, որ հայոց ցեղասպանությունը ճանաչած մյուս երկրներն էլ մերժողների համար քրեական պատասխանատվություն կսահմանեն։
Սլովակիայի փոխվարչապետը, ով միաժամանակ քրեական իրավունքի մասնագետ է, կարծում է, որ հայ ժողովուրդը կարող է նվազագույնը պահանջել այն, ինչ ստացել են հոլոքոստի զոհերը։ Նա նաև վստահ է. «Մի ամբողջ ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունը ոչ մի դեպքում չի կարող անպատիժ մնալ»։ Նրա դիտարկմամբ, մարդու իրավունքների և ազատությունների տեսակետից առանցքային նշանակություն ունեցող խոսքի ազատության իրավունքը երբեմն կարող է սահմանափակվել, քանի որ չի կարելի օգտվել այդ իրավունքից և ժխտել մեծագույն ոճրագործությունը։
Սլովակիայի 1000 հոգանոց հայկական համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանը կարծում է, որ օրենքի նոր փոփոխությունները շատ արդիական ու կարևոր են այն առումով, որ վերջ կդնեն թուրքական մերժողականությանը։ Ներկայում Թուրքիայի ԱԳ նախարարությունը պահանջում է ապամոնտաժել Բրատիսլավայի կենտրոնում դրված հայկական խաչքարը՝ քաղաքական մեծ ճնշումներ գործադրելով։ Օրենքի փոփոխությունները վերջ կդնեն թուրքական այս քայլերին ու պահանջներին։ Նախարարի հավաստմամբ, փոփոխությունների ընդունումից հետո թուրքական դիվանագիտությունը պետք է հաշտվի իր պարտության հետ, քանի որ Սլովակիան կդադարեցնի հուշարձանը ապամոնտաժելու վերաբերյալ բոլոր բանակցությունները։
Խոստովանելով, որ շատ է հարգում հայ ժողովրդին ու Հայաստանը, Սլովակիայի արդարադատության նախարարն ասաց, որ հայ ժողովուրդն ունի հազվագյուտ պատմություն. ամբողջ աշխարհում Հայաստանն առաջինն է պաշտոնապես ընդունել քրիստոնեությունը։ «Հենց այս հավատն է հնարավորություն տվել հայերին ապրել հազարամյակներով, վերապրել ցեղասպանությունը ու շարունակել զարգացումը»,–կարծում է նա։
Օ. ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
/HHpress/
2008-06-22
Հայոց ցեղասպանությունը ժխտողներին՝ 5 տարի ազատազրկում
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario